Անկարայի նահանգապետարանն արգելել է քրդամետ կուսակցության կողմնակիցների ակցիաները
ՄիջազգայինԱնկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Անկարայի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:
Քրդամետ կուսակցությունը համացանցում՝ սոցիալական հարթակների միջոցով հայտարարել էր տարբեր ակցիաներ սկսելու նախաձեռնության մասին, որոնք պետք է իրականացվեն ի պաշտպանության կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև պատգամավոր Իդրիս Բալուքենի, ում գործերով դատական լսումները մեկնարկում են դեկտեմբերի 6-ից:
Նահանգապետարանի հայտարարության մեջ նման որոշումը մեկնաբանվում է նրանով, թե ահաբեկչական կազմակերպությունները կարող են թիրախավորել ակցիայի մասնակիցներին և գործողություններ իրականացնել: Անկարայի քաղաքային իշխանությունները նշել են, որ այդպիսով իրենք փորձում են պահպանել հասարակական կարգը, կանխել հնարավոր հանցագործությունների իրականացումը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գլխավոր շտաբից արած հայտարարության մեջ էլ նշվում է, որ Դեմիրթաշի պաշտպանությամբ զբաղվելու են 1250 փաստաբան, մինչև Սինջանի դատարանում, որտեղ մեկնարկելու են լսումները, կարող է տեղավորվել ընդամենը 20 մարդ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին:Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»: