Պաղեստինում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1000 մարդ է տուժել
ՄիջազգայինՊաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմի կարգավիճակի առիթով Հորդանանի Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Երուսաղեմում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 1,1 հազար տուժածների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեկտեմբերի 8-ին պաղեստինցիները «զայրույթի օր» են անցկացրել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման հետ: Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ուժայինների հետ:
Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է ոչ պակաս 767 տուժածի, ներառյալ հրազենային վիրավորմամբ 60 մարդու մասին:
Ըստ իսրայելցի զինվորականների՝ Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածի սահմաններին անկարգություններին մասնակցել է գրեթե 7,5 հազար մարդ, նրանք ընդունել են, որ կրակ են բացել: