«Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում
ՍպորտՀռոմի «Լացիոն» մտադիր է հրաժարվել Ա Սերիային մասնակցությունից՝ «Տորինոյի» հետ կայացած սկանդալային հանդիպումից հետո:
Ինչպես հայտնում է «Premium Sport»-ը, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն կարծում է, որ իր ակումբի դեմ քաղաքական արշավ է սկսվել, որպեսզի նրանք առաջնությունը չեզրափակեն լավագույն քառյակում: Ըստ Լոտիտոյի՝ նրանք լրջորեն մտադրություն ունեն դադարեցնել իրենց ելույթներն Ա Սերիայում:
Նախորդ խաղում «Լացիոյին» չի նշանակվել 11 մետրանոց հարված՝ «Տորինոյի» խաղացող Յագո Ֆալկեի ձեռքով խաղի համար, իսկ Չիրո Իմոբիլեին մրցավարը հեռացրել է Նիկոլաս Բուրդիսոյի հետ բախման համար՝ տեսակրկնությունը դիտելուց հետո:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտարարել էր, որ իր թիմի հանդեպ անարդարացի են վարվում արդեն 4-րդ խաղն անընդմեջ, իսկ թիմի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն հայտարարել էր, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս այն փաստը, որ նրանք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: