Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իրենց նախարարությունում կադրային զտումների է ենթարկվել 14 754 մարդ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ քննության է առնվել 44 000 աշխատակցի դոսյե:
Սոյլուն հայտնել է, որ ամբողջ Թուրքիայի տարածքում դեռևս շարունակում է կալանավորված մնալ հեղաշրջման փորձի գործով մեղադրվող կամ կասկածվող 55 665 մարդ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: