Ֆրանկ Ռիբերին ռեկորդ սահմանեց «Բավարիայում»
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ակումբային ռեկորդ է սահմանել «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում: 34-ամյա ֆրանսիացին դարձավ առաջին արտասահմանցին, որը 366-րդ պաշտոնական խաղն անցկացրեց գերմանական ակումբի կազմում:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Հասան Սալիհամիջիչին, որը «Բավարիայի» կազմում մասնակցել է 365 հանդիպման, իսկ այժմ ակումբի մարզական տնօրենն է: Ռիբերին արդեն 112 գոլի հեղինակ է դարձել «Բավարիայի» կազմում, իսկ Սալիհամիջիչը խփել էր 48 գոլ, փոխանցում է Bild-ը:
Ֆրանկ Ռիբերին 2007-ին ֆրանսիական «Մարսելից» է տեղափոխվել «Բավարիա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ամառը: «Քյոլնի» դեմ խաղում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլի շնորհիվ: