Տավուշի մարզում ներառական կրթության թեմաներով վերապատրաստվել է 2 հազարից ավելի ուսուցիչ
ՀասարակությունՏավուշի մարզի բոլոր 82 դպրոցներում «Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթության երեխայի իրավունքը» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 2 հազարից ավելի ուսուցիչ, 215 մանկավարժահոգեբանական աջակցության թիմի անդամ:
Ծրագիրն իրականացվել է «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունքի կիրառման նպատակով:
2016 թվականի հուլիսից 2017-ի դեկտեմբեր տևած ծրագրի արդյունքներից է նաև 1030 ծնողի շահերի պաշտպանության կարողությունների զարգացումը, ինչի հետևանքով ձևավորվել են 82 ծնողական փոխօգնության խմբեր: Վերջիններս հանդես են եկել երեխայի կրթական իրավունքի պաշտպանության նախաձեռնություններով դպրոցի և համայնքի մակարդակներում:
Ծրագրի շրջանակում մշակվել է Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության մոդելը, որը ընդօրինակելի է ՀՀ մյուս մարզերի համար:
Ծրագրի ամփոփումը կտրվի համաժողովով, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Զբաղվածության պետական և տարածքային գործակալությունների, ՀՀ Տավուշի մարզպետարանի, ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: