ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, սակայն այդ աշխատանքի արդյունքներն ամփոփելու և գնահատականներ տալու հարցում չի շտապելու: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այն մոտեցումները, ծրագրերը, հիմքերը, որոնք դրվում են այս կառավարության կողմից ապագայի համար, խոստումնալից են: Պետք է ասեմ, որ արդեն որոշակի արդյունքներ կան: Օրինակ, վերջին 11 ամիսների ընթացքում 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ է արձանագրվել, ինչը մինչև տարեվերջ կպահպանվի: Ակտիվություն ենք նկատում նաև զբոսաշրջության ոլորտում»,- նշեց Բաղդասարյանը:
Բաղդասարյանը խոստումնալից է համարում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը, ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը: «Իսկ արդյունքներին գնահատական տալու հարցում մենք չենք շտապում, որովհետև այն, ինչ անում է կառավարությունը, պահի խնդիր լուծելու համար չի անում: Երբ կգա ժամանակը, մենք կտանք գնահատականները կառավարության աշխատանքի արդյունքների վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: