Հռչակավոր Բիգ-Բենը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ժամացույցների աշտարակը, նոյեմբերի 9-ի երեկոյան կվերածվի Առաջին համաշխարհային պատերազմում ընկածներին նվիրված «լուսային հուշահամալիրի», պատերազմ, որի սկսվելու հարյուրամյակը նշվում է այս տարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:
Լուսարձակների միջոցով Բիգ-Բենի պատերին կպրոյեկցվի շարժվող լուսային կոմպոզիցիա, որը կպատկերի կարմիր կակաչի թափվող ծաղկաթերթեր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այս ծաղիկը Մեծ Բրիտանիայում դարձել է մարտադաշտերում ընկածների համար սգո խորհրդանիշ:
Հիշատակի ակցիան կանցկացվի նոյեմբերի 9-ին, երբ երկրում կնշվի Ոգեկոչման կիրակին: Այս անվանումն է կրում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, ինչպես նաև հետագա հակամարտություններում ընկածների համար բրիտանացիների և Համագործակցության երկրների քաղաքացիների հիշատակի ամենամյա օրը: Առաջին աշխարհամարտում զոհված բրիտանացիների թիվը (800 հազար-1 միլիոն) գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների թվին (450 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: