Ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
ՀասարակությունՓետրվարի 1-ին անցկացվել է Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում քննարկվել են Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված մի շարք հարցեր:
Հանձնաժողովի 15 անդամներից նիստին մասնակցել է 10-ը՝ «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցություններից, ինչպես նաև անկախ ավագանի: Քննարկմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը:
Նիստի ընթացքում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, քննարկվել են մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու, Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու, Փ. Բուզանդի փողոցի հ. 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, ինչպես նաև հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք այլ իրավական ակտերի նախագծեր:
Հանձնաժողովի անդամները քննարկումից հետո դրական եզրակացություն են տվել քննարկված նախագծերին: