Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի
ՎերլուծականՄյունխենյան համաժողովին Սերժ Սարգսյանին հարց է ուղղել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար, նշելով , որ ղարաբաղյան կոնֆլիկտի առկայության դեպքում Հայաստանը կշարունակի տարածաշրջանային մեծ պրոյեկտներից դուրս մնալ:
Հարցին Սարգսյանը բնականաբար դասական պատասխան է տվել՝ խոսելով ադրբեջանական իշխանության նկրտումների մասին: Այլ պատասխան տալ հնարավոր էլ չէր: Որովհետև, փաստացի, այս պահին լուծման բանալին Ադրբեջանում է, որը կարծես երկարաժամկետ հրաժարվելու է խնդիրը լուծել:
Ադրբեջանցի գործչի հարցում կա թափանցիկ ակնարկ այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանային նախագծերից դուրս է մնում, խոսքն այստեղ Թբիլիս-Բաքու-Կարս երկաթգծի և այլ նմանատիպ նախագծերի մասին է, որոնք ամեն կերպ շրջանցում ու շրջափակում են Հայաստանը:
Կոնֆլիկտի չկարգավորման դեպքում այս բլոկադան շարունակվելու է: Բայց այդ մասին ներքին խոսակցություն հասարակության հետ կարծես թե չկա: Փոխարենը կան հաջորդաբար պայթող միֆեր Հյուսիս-Հարավի, հայ-իրանական երկաթուղու մասին: Կան բլոկադայի մեջ ապրելու իշխանական կոնցեպտներ ՝ ազգ-բանակ, պետությունը դու ես և այլ բոցաշունչ բառերով, բայց ազնիվ խոսակցություն անելիքների մասին չկա: Իսկ բլոկադան կարծես թե երկարելու է :
Սարգիս Մեսրոպյան