Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը
ՄիջազգայինԱդրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հաստատվել է ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ալիևը դարձել է նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած 15 անձանցից առաջինը, ով ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես պաշտոնական թեկնածու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ նախագահական ընտրությունների մասին հրամանագիրը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու: