Եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի աճ, ծախսերի նվազում, աշխատավարձերի աճի տեմպերի արագացում 2018-ին. ԿԲ կանխատեսում
ՏնտեսությունԿենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կաճի 0.1, իսկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 2.1 տոկոսային կետով:
Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի` փետրվարի 27-ին հրապարակած եռամսյակային Գնաճի հաշվետվությունը, ակնկալվում է, որ ընթացիկ տարվա պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 2.2 տոկոսային կետով` կազմելով 2.6 տոկոս: «Չնայած պակասուրդի կրճատմանը` 2018-ին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա 2017-ի նկատմամբ կունենա 0.9 տոկոսային կեռ ընդլայնող ազդեցություն, որն ամբողջությամբ պայմանավորված է ծախսերի և զուտ վարկավորման ընդլայնող ազդեցությամբ, որոնք կդրսևորվեն տարվա առաջին երեք եռամսյակներում»,-ասված է հաշվետվության մեջ:
Համաձայն կանխատեսումների` 2018-ին կարագանա մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի աճի տեմպը և կկազմի շուրջ 6 տոկոս:
Տնտեսական աճի կանխատեսվող զարգացումների և կառավարության կողմից ներդրումային քաղաքականության խթանման պայմաններում ակնկալվում է, որ 2018-ին գործազրկության մակարդակը կկազմի 17 տոկոս, որն աստիճանաբար կնվազի տարեկան 0.3-0.5 տոկոսով: