Ճապոնիան մտահոգված է Չինաստանի ռազմական ծախսերի աճով
ՄիջազգայինՃապոնիայի ռազմական գերատեսչությունը մտահոգված է Չինաստանի պաշտպանական ծախսերի աճով, որոնք, ըստ Տոկիոյի, ավելանում են ոչ թափանցիկ կերպով: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունաորի Օնոդերան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Չինաստանի ռազմական ծախսերի արագընթաց աճի հետեւում զինված ուժերի կարողությունների լայնածավալ եւ արագ ընդլայնումն է, ինչպես նաև՝ դեպի օվկիանոս ակտիվ առաջխաղացումը: Այս ամենն ուղեկցվում է ոչ թափանցիկությամբ եւ խիստ մտահոգություն է առաջացնում միջազգային հանրության մոտ եւ մեր տարածաշրջանում՝ ներառյալ Ճապոնիան»,- ասել է նա:
«Ապացույցներ կան նաեւ առ այն, որ պաշտոնապես հայտարարված պաշտպանական ծախսերը ոչ այլ ինչ են, քան Չինաստանի ռազմական բյուջեի մի մաս: Հետաքրքրված երկրների հետ համատեղ մենք կշարունակենք ազդեցություն գործել՝ Չինաստանից պահանջելով բարձրացնել թափանցիկությունը եւ հետեւել միջազգային վարքի կանոններին»,- նշել է Օնոդերան: