Բողոքի ակցիա կազմակերպած տաքսու վարորդներն իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն կառավարությանը
ՀասարակությունՀՀ կառավարության շենքի մոտ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների բողոքի ակցիան ավարտվեց: ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնելուց հետո, որոշվել է բոլոր խնդիրները գրավոր տեսքով ներկայացնել կառավարությանը:
Վարորդները նշում են, որ իրենց հարցերը հասցեագրված են Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը: Այդ գերատեսչությունների հետ եղած բոլոր խնդիրները կամփոփվեն մեկ փաստաթղթում և կներկայացվեն կառավարությանը:
Վարորդներն, ամեն դեպքում հույս չունեն, որ փաստաթղթային տարբերակով խնդիրները ներկայացնելուց հետո լուծումներ կստանան: Նրանք նշեցին, որ նախկինում ևս նման ճանապարհով իրենց մտահոգությունները ներկայացրել են, սակայն ոլորտում փոփոխություններ չեն լինում: