Միջպետական ճանապարհները հորդ անձրևներին կդիմանան
Հասարակություն«Առավոտ» լրատվական կայքի լրագրող Ոսկան Սարգսյանը մարտի 30-ի «Միջպետական ավտոճանապարհի կարկատանները հորդ անձրևներից հետո որքա՞ն կդիմանան» հրապարակման մեջ հերթական անգամ ապատեղեկատվություն է տվել՝ խոսելով Մ4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածի փոսային նորոգման աշխատանքների և դրանք կատարող կազմակերպության վերաբերյալ:
Եթե լրագրողը պատշաճ հարցում ուղղեր Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը, ապա կտեղեկացվեր, որ վերոնշյալ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկով փոսային նորոգման աշխատանքներն իրականացվում են Իջևանի ճանապարհաշինական կազմակերպության ենթակապալառությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ:
Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է կատարվեին ապրիլ-մայիս ժամանակահատվածում, սակայն նախարարության և սպասարկող ճանապարհաշինական կազմակերպությունների համագործակցված աշխատանքի շնորհիվ օր առաջ մեքենաներով երթևեկողներին անհարմարությունից ազատելու նպատակով ճանապարհի նորոգումը ժամանակից շուտ է սկսվել և մինչև ապրիլի 5-ն արդեն ավարտված կլինի:
Ճանապարհաշինարարները նաև որակն են երաշխավորում, քանի որ ամեն ինչ կատարվում է պահանջվող չափանիշներին համապատասխան և հավաստիացնում են, որ անցյալ տարվա զրույցների նման՝թե ճանապարհը չի դիմանա անձրևներին, այդպես սին զրույցներ էլ կմնան: