Հայաստանը կմասնակցի Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին
ՏնտեսությունՀայաստանը ապրիլի 9-11-ը մասնակցելու է Դուբայում կայանալիք Ամենամյա ներդրումային համաժողովին գործարար կապեր հաստատելու և դեպի երկիր ներդրողներ ներգրավելու նպատակով: Այս մասին հայտարարեց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Այստեղից են ձևավորվում պոտենցիալ ներդրողները, որոնց հետ մեր թիմն ամենօրյա աշխատանք է կատարում` հիշեցնելով ու համոզելով, որ Հայաստանը լավ տեղ է ներդրումների համար»,-ասաց պաշտոնյան:
Հետագայում ներդրողների հետ կապը թևակոխում է նախագծային փուլ, դառնում ներդրումային ծրագիր:
«Այնուհետև Բիզնես Արմենիայի հետսպասարկման թիմն աջակցում է ներդրողներին մի շարք հարցերում, ինչպես օրինակ, հաշվի, պետռեգիստրի գրանցման, հողատարածք գնել-վաճառելու և այլ դեպքերում: Պետք է բռնել ներդրողի ձեռքն ու կամաց-կամաց առաջ տանել, որ նրանք մեր երկրում իրենց հանգիստ զգան, քանի որ հայերն ի սկզբանե հյուրընկալ են»,-ավելացրեց Արմեն Ավակ Ավակյանը:
Ութերորդ անգամ անցկացվող միջոցառումը տեղի կունենա Դուբայի Առևտրի համաշխարհային կենտրոնում` կրելով «Միացնելով զարգացած և զարգացող շուկաները օտարերկրյա ուղղակի ներդրումներով. համագործակցություն ընդլայնված աճի և կայուն զարգացման համար» խորագիրը: