ՌԴ ԱԻՆ-ը Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի վթարի վայրը լրացուցիչ կհետազոտի
ՄիջազգայինՌԴ-ի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Մերձմոսկվայում «Սարատովի ավիաուղիներ» ավիաընկերության Ան-148 ինքնաթիռի վթարի վայրի երկրորդ հետազոտությունն են սկսել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փրկարարների խումբը աղետի վայր է ժամանել եւ ուսումնասիրում է այն: Ակնկալվում է, որ կժամանեն մահացածների հարազատները, Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Մերձմոսկվայի վարչության ղեկավար Սերգեյ Պոլետկինը: Նա բնակիչներին կտեղեկացնի զոհերի մարմինների եւ անձնական իրերի հայտնաբերման համար ձեռնարկվող միջոցների մասին:
Ապրիլի 9-ին զոհվածների մեկի դուստր Յուլիա Սինիցինան նախագահ Վլադիմիր Պուտինին տեսաուղերձ էր հղել: Նա պնդում է, որ ձյան հալվելուց հետո դաշտում կարելի է մահացածների մարմինները եւ ինքնաթիռի բեկորները գտնել, եւ տարածքը շրջափակված չէ: Աղջիկը խնդրել էր վթարի վայրում աշխատանքները վերսկսել :
«Սարատովի ավիաուղիներ» ավիաընկերության Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռը կործանվել էր Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում: Մահացել էր 71 մարդ: