ԱԻՆ-ում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ԱԺ-ից. հրշեջ-փրկարարների անհրաժեշտություն չի եղել
ՀասարակությունՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորներն ապրիլի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին:
Իր ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:
Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը: