Ցուցարարները փորձեցին փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չհաջողվեց
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ «Ելք» Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախօրեին հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր՝ ապրիլի 16-ի առավոտյան մի խումբ ցուցարարներ փորձել են փակել մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, սակայն ոստիկաններն արգելել են:
Ցուցարարներից մի քանիսը պառկել են գնացքի դռների արանքում, որպեսզի գնացքը չկարողանա շարժվել, սակայն ոստիկանները նրանց դուրս են բերել մետրոյի կայարանից:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենք կազմակերպել ենք խաղաղ ակցիա, փակել ենք մետրոյի մուտքերն ու ելքերը, հայտարարել են, որ սկսվել է մեծ հեղափոխություն, որ պետք է աջակցել ու միանալ պայքարող ժողովրդին, սակայն ոստիկանները ուժ են գործադրել իրենց անդամներից մեկի նկատմամբ:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։