Վիրահատված ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար. Անատոլի Գնունի
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Նախօրեին «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատված ոստիկանի վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին։
Նրա խոսքով՝ ոստիկանի մոտ զարկերակի մասնակի խզում եւ վերին վերջույթների երակային ամբողջական խզում է առկա։ Ներկայումս նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում։ Հնարավոր է՝ օրվա ընթացքում նրան տեղափոխեն Ոստիկանության հոսպիտալ։
«Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված մյուս երկու ոստիկաններից մեկին օգնություն է ցուցաբերվել, եւ դուրս է գրվել, իսկ մյուս ոստիկանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով, անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներից հետո երեկոյան տեղափոխվել է Ոստիկանության հոսպիտալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայի ոստիկանության ուժերը հատուկ միջոցներ էին կիրառել ցուցարարների դեմ, որի հետեւանքով ընդհանուր առմամբ 46 մարդ վիրավորվել է, նրանցից 6-ը՝ ոստիկաններ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 17-ի ժ. 09.00–ի դրությամբ Երեւանի բժշկական հաստատություններում բուժում են ստանում 12 տուժած։
Ապրիլի 13-ից Երեւանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ ցույցեր են անցկացվում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության կանխման նպատակով։