Այս շարժումը կհասնի հաղթական ավարտի. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունԱռաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը:
Հանրահավաքային իր ելույթում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս շարժումը կհասնի հաղթական ավարտի: Նրա խոսքով՝ հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն նաև հանրապետության մյուս մարզերում:
«Մենք ավելի կազմակերպված ձևով կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը, այսօր ասում եմ՝ շատ պարզ ձևով, քանի որ ՀՀ գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի կողմից ձևավորված հեղափոխական կոմիտե, այդ թվում՝ նաև ոստիկանությունը»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, թե վաղն առավոտվանից մարզերում և գյուղերում սկսում է պետական գերատեսչությունների շրջափակումը: Վերջինս հայտարարեց, թե իշխանավորները պետք է անցնեն իրենց սահմանած անցակետերով:
Այժմ Նիկոլ Փաշինյանը երթ է անում մայրաքաղաքի փողոցներով: Նրա խոսքով՝ իրենք երթն իրականացնում են ժամը 21:00-ի շրջակայքում, քանի որ տեղեկություններ կան, թե ՀՀԿ-ականները Երևանից հեռու տեղում նշում են Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը:
«Այսօր ՀՀ-ի և նրա քաղաքացիների ազատագրման օրն է: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասները չներկայացրեց՝ մարտավարությունը չբացահայտելու համատեքստում:
Քայլերթը մեկնարկեց: