ՏՏ ոլորտը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը. Փաշինյան
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին եւ գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է համաժողովի անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից եւ համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:
Նիկոլ Փաշինյանը եւ Իվոն Չուն պայմանավորվել են ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ եւ ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ոււղությամբ:
Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։