ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենևյև Բոյրոն և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այցի ընթացքում Սիլվի Բոսութղոն շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված «Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաև վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ և շարունակական համագործակցության զարգացմանը: