Ձեւավորվել է ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Աշխատանքային խումբը համակարգելու են ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:
Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով (mta@mta.gov.am), փոստով (Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3): Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ` դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու եւ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:
Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ: