Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Շտուտգարտում և Վիսբադենում
ՄշակույթԴիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում նվագախումբը ամերիկացի ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերի և ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վանդերի մասնակցությամբ ներկայացրել է Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։ Համերգի երկրորդ մասում հնչել է Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Liederhalle-ի «Բեթհովեն» սրահը առանձնանում է իր յուրահատուկ ակտուստիկայով, որն էլ ավելի խորհրդավոր էր դարձնում նվագախմբի կատարված երաժշտությունը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայություն շրջանակներում հանդես եկավ Վիսբադենում` հանրահայտ Kurhaus-ում։
Դավիթ Աարոն Քարփենթերը նշում է, որ իր համար մեր հաճույք է ելույթ ունենալ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, քանի որ նրանց հետ կատարումներում նոր հնչերանգներ է հայտնաբերում։
Մայիսի 28-ին նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ բեմ կբարձրանա աշխարհի ամենահայտնի համերգային դահլիճներից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։