ԿԲ պաշտոնյան հավաստիացնում է` վարկերի և ավանդների տոկոսադրույքները կայուն նվազում են
ՏնտեսությունՎարկերի և ավանդների տոկոսադրույքները Հայաստանում 2014-ից հետո կայուն նվազում են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Վերջին 10 տարում վարկերի տոկոսադրույքները Հայաստանում անընդհատ նվազում են: 2014-ից հետո ունեցել ենք վարկերի 4 տոկոսային կետի նվազում: Եթե մինչ 2014-ը ավանդների տոկոսադրույքները կայուն աճում էին, ապա այդ ժամանակից սկսած թե վարկերինը, թե ավանդներինը կայուն նվազում են»- ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ դրանք շարունակում են նվազել` անկախ կառավարության փոփոխությունից:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների ազդեցությանը ֆինանսական կայունության վրա`Գրիգորյանն ասաց, որ իրենք այդ ընթացքում ջանք են թափել, որ ֆինանսական կայունությունը շարունակի պահպանվել: Սակայն դա եղել է բանկերի հետ ամենօրյա աշխատանքով, ամենօրյա մոնիտորինգով: «Մենք որևէ լրացուցիչ միջամտություն չենք արել: Աշխատել ենք բանկերի հետ այն սկզբունքով, ինչ նախորդ ամիսներին»,-եզրափակեց նա: