Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի աջակիցները բողոքում են նրանց ձերբակալման դեմ
ՀասարակությունՄասիսի ձերբակալված քաղաքապետի եւ փոխքաղաքապետի աջակիցները Երեւանի ձերբակալվածների պահման վայրի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
Նրանք հայտարարում են, որ ողջ Մասիս քաղաքն է բողոքելու այս ձերբակալությունների դեմ:
Նրանք վանկարկում են «Արդարություն, ազատություն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր եւ երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետեւանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: