Գյուղացիները փակել են ճանապարհը. Նրանք դժգոհում են ծիրանի մթերման ցածր գնից
ՀասարակությունՆախօրեին մի քանի ժամով փակ է Սուրենավան համայնքին կից ձգվող հանրապետական նշանակության ճանապարհը. գյուղացիները դճգոհել են մթերվող ծիրանի ցածր գնից։
«Տարածաշրջանի գյուղերի բնակիչների մի զգալի մասի համար ծիրանի մշակությունը ապրուստի հիմնական միջոց է համարվում, եւ հիմա, երբ գյուղացին պետք է ստանա իր աշխատանքի արդյունքը, մթերման գինն այնքան ցածր է, որ չի ծածկում նույնիսկ կատարված ծախսերը»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհել են գյուղացիները։
Նրանց խոսքով, խոշոր մթերողները գյուղացիներին 1 կգ բարձրորակ ծիրանի համար առաջարկում են 500 դրամ, որի հետ սակայն, գյուղացիները համաձայն չեն։
Ճանապարհի երկու ուղղություններով կուտակված մեքենաների թիվն անցել է 100-ը։
Ոստիկանները մի քանի ժամ հորդորել են գյուղացիներին բացել ճանապարհը։ Վրդովված ցուցարարները, սակայն, համաձայնել են ճանապարհը բացել միայն այն ժամանակ, երբ նրանց տեղեկացրել են, որ բողոքի ու բարձրաձայնված խնդրի մասին տեղեկացվել է ՀՀ կառավարությանը եւ հարցն առաջիկայում կքննարկվի։