Փաշինյանը՝ գազի սակագների մասին
ՏնտեսությունԽորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներից, սակագնային քաղաքականությունից:
Փաշինյանը պատասխանեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրոք խնդիր կա. «ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարեւորը ոչ թե այն է, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն է, թե ինքը իր տանը ինչ գնով է ստանում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանն էժան գազ է սպառում, եւ ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»:
Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված վարչապետն ասաց, որ այդտեղ նույնպես խնդիրներ են տեսնում եւ զբաղվում են այդ հարցով, նա հույս հայտնեց, որ շուտով կլինեն կոնկրետ արդյունքներ: