Նոր օրինագիծ. Հետախուզման մեջ գտնվող անձի մեղադրանքը կարելի է մեղմացնել առանց նրան հայտնաբերելու
ՀասարակությունԿառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որով հետախուզման մեջ գտնվող անձի մեղադրանքը կարող է մեղմացվել առանց նրան գտնելու:
Օրինագիծը ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօրվա քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փոխել մեղադրանքը՝ թե մեղմացնել, թե խստացնել, սակայն դա նշանակում է, որ այդ մեղադրանքը պետք է մարդուն առաջադրված լինի, որ հնարավոր լինի այն փոխել. «Մինչդեռ լինում են դեպքեր, երբ մեղադրյալը թաքնվում է, անհայտ է նրա գտնվելու վայրը եւ հնարավոր չէ մարդուն մեղադրանք առաջադրել: Իսկ մեղադրանքի փոփոխության հնարավորություն օրենսգիրքը չէր տալիս: Մենք առաջարկում ենք տալ այդ հնարավորությունը, եւ եթե անձը թաքնվում է քննությունից, քննություն իրականացնող մարմինը հնարավորություն ունենա մեղմացնել մեղադրանքը»,-հայտարարեց նա:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել էր հետեւյալը. «Գործող օրենսդրությամբ երբ անձը գտնվում է հետախուզման մեջ, նրա մեղադրանքը չես կարող փոխել: Պատկերացնենք անձին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մեղադրանք, բայց քննությամբ պարզվում է, որ ավելի մեղմ արարք է կատարել, բայց մեղադրանքը հնարավոր չէ փոխել, որովհետեւ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ մինչեւ անձը չներկայանա, չես կարող մեղադրանքը փոխել: Առաջարկվում է, որ եթե կան փոփոխելու հիմքեր, առանց նրա ներկայության էլ կարելի է փոխել»: