Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
ՏնտեսությունՏարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։
Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերի։
Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես ծրագիր և ներկայացնել նախարարություն։