ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ
ՀասարակությունՀՀ զինված ուժերն ի վիճակ են զինծառայողներին ապահովել այն ամենով, ինչ նախատեսված է օրենքով: Ամառային զորակոչի մեկնարկի առիթով լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Եթե լինեն դեպքեր, որ այս կամ այն զորամասում ինչ-որ բանով չի ապահովվում զինծառայողը, մենք պատրաստ ենք շատ արագ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց պաշտոնյան: Նրա խոսքով՝ այս ընթացքում էլ մի քանի ահազանգեր եղել են, բայց 5-ից մեկն է, որ հաստատվել են, ոչ ամբողջ ծավալի, այլ որոշակի խախտումներ, որին օպերատիվ ձևով արձագանքել են:
Արտակ Դավթյանը նաև հավաստիացրեց, որ երկար են պատրաստվել այս զորակոչին և հուսով են առանց խոչընդոտների ու պատահարների այն կյանքի կոչել: «Ընթացքում էլ, եթե կարիք լինի, պատրաստ ենք շտկումներ իրականացնել»,-ասաց գլխավոր շտաբի պետը: