Գեղարքունիքի մարզում խոտհունձը սկսվել է բարձր բերքատվությամբ
ՏնտեսությունՀունիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է խոտհունձը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն ընթանում է ցածրադիր գոտիներում կամ բնակավայրերին մերձակա խոտհարքերում:
Գործի են դրվել ինչպես ավանդական գերանդին, եղանն ու փոցխը, այնպես էլ՝ հնձող, հավաքող, հակավորող, տեղափոխող բոլոր մեխանիզմներն ու մեքենաները: «Մի քանի օրում մեր գյուղի տնտեսություններում արդեն մոտ 350 հեկտար բազմամյա խոտաբույսերի դաշտեր են հնձվել: Առվույտի մեկ հեկտարից ապահովվել է մոտ 3, կորնգանի մեկ հեկտարից՝ մինչեւ 4 տոննա բերք: Առհասարակ, բարձր բերքատվություն են ապահովելու նաեւ բնական խոտհարքերը, որտեղ հունձը կսկսվի առաջիկա օրերի ընթացքում»,-նշեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ եղած տեխնիկան եւ աշխատուժը բավարար են՝ խոտի բերքահավաքն անխափան կազմակերպելու եւ ավարտելու համար: Լեռնային գոտիներում խոտհունձը կսկսվի հուլիսի վերջերին կամ օգոստոսի սկզբներին:
Խոսրով Խլղաթյան