Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն եվրագավաթների և Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները
ՍպորտՀայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հունիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Վիդեոտոն» (Հունգարիա) առաջին հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը: Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Չորրորդ պաշտոնյան է Սուրեն Բալիյանը:
Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի հուլիսի 19-ին կայանալիք «Գզիրա» (Մալթա)-«Ռադնիչկի» (Սերբիա) Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Բալիյանին օգնելու են Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Արտակ Սիմոնյանը:
Հուլիսի 17-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ն ընդունելու է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Վիկինգուրին»: Այդ հանդիպման տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը:
Հուլիսի 16-29-ը Ֆինլանդիայում կայանալու է Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մրցաշարի տեսուչներից մեկը լինելու է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: