Նախարարն արդարացված չի համարում Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով հանքարդյունաբերության նման ծավալները
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարը կարծում է, որ հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ կենսաբազմազանությամբ և բնական ռեսուրսներով Հայաստանն աշխարհի հիմնական կետերից է, հետևաբար, այն պետք է պահպանել:
«Մասնավորապես, Հայաստանի կենսաբազմազանությունը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) առանձնացրած 200 տարածքների ցանկի անդամ է: Աշխարհում կան կենսաբազմազանական 25 թեժ կետեր, օրինակ, Մադագասկարն ու Ամազոնը, որը բոլորը գիտեն: Երկուսը եվրոպական տարածաշրջանում են. մեկը՝ Միջերկրական ծովում, մյուսը՝ Կովկասում։ Այսինքն՝ աշխարհի քարտեզի վրա կենսաբազմազանության առումով Հայաստանը կարևորագույն վայր է: Ես անձամբ կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալները երկարաժամկետ կտրվածքով արդարացված չեն»,-ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեությունը կարող է իրականացվել: