Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան
ՀասարակությունՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատում է իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպան Լաքոտն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»,-ասաց Լաքոտը:
Դեսպանը նշեց՝ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա: