Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է Սերժ Սարգսյանի եղբայրն ազատ արձակվել բերման ենթարկվելուց հետո
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Հայաստանում իրավապահների կողմից վերջին շրջանում իրականացվող գործողությունների մասին՝ հայտարարելով, որ իրավապահները կոնկրետ ընտանիքների կամ մարդկանց ետևից չեն ընկնում, գործում են կոնկրետ ահազանգերի, դիմումների հիման վրա. «Ասում են՝ այ ինչու այսինչին արդեն երկու անգամ բերման ենթարկեցին, հետո բաց թողեցին, ինչն իբր նշանակում է, որ երկրում որևէ բան չի փոխվել: Եթե բերման են ենթարկել, ուրեմն դրա համար հիմքեր են եղել, եթե բաց են թողել, ուրեմն նշանակում է, որ բերման ենթարկելու ռեժիմից ավել որևէ քայլ անելու հիմքեր չեն եղել: Ես ուզում եմ, որ մենք իրավիճակը ճիշտ հասկանանք: Մենք կառավարությունում չենք որոշում բերման ենթարկել այսինչ մարդկանց, իսկ այնինչ մարդկանց բերման չենթարկել»:
Վարչապետը խոսել է նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ ավագանին պետք է ընտրի քաղաքապետ, եթե դա տեղի չունենա, ավագանին օրենքի ուժով կլուծարվի և նոր ընտրություններ կկազմակերպվեն:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, վարչապետը հիշեցրել է իր խոսքերը, որ Հանրապետականն ինքնասպանություն է գործել՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես այն կարող է ընտրություններին մասնակցել և կոնսոլիդացվել. «Ես դեռևս Հանրապետության հրապարակում հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Զարմանում եմ այն խոսակցություններից, թե Հանրապետականը կկոնսոլիդացվի»:
Փաշինյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է իր ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցելու ընտրություններին՝ դաշինքո՞վ, թե միայնակ՝ նշելով, որ այդ հարցով քննարկումները դեռ շարունակվում են, և վերջնական որոշում այս պահին դեռ չկա: