Ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Զարուհի Փոստանջյան
Այսօր խորհրդարանը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Իր ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս որոշման ընդունմամբ չափազանց կարևոր և ելակետային նշանակություն ունեցող խնդիր է լուծվելու՝ հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման քաղաքական բաղադրիչի տեսանկյունից: Պատգամավորը ներկայացրեց որոշման նախագծի 4 կետերը, ըստ որոնց՝
ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը,
Բացառվի ԼՂ-ի և ՀՀ-ի պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի՝ սահմանապահ, մաքսային, տեղակայումը, ինչպես նաև ԶՈւ-ի տեղակայումը,
Բացառվի ՀՀ անդամակցությունը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂ-ի, ՀՀ ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը:
«Գիտենք բոլորս, որ ԵՏՄ-ի անդամակցությամբ Արցախի և ՀՀ-ի սահմաններին պետք է տեղակայվեն մաքսային կետեր, պետք է այնտեղ կանգնած լինեն մաքսավորներ, և չի բացառվում, որ նրանք լինեն օտար պետությունների ներկայացուցիչ:
Մինչ այդ, մենք՝ որպես ԱԺ, կարող ենք կանխել, ապահովագրել, ամրագրել մեզ ապագա սպառնալիքներից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել նախագծին, սակայն «Ժառանգություն» խմբակցությունն այն ճանաչել է հրատապ և ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: