Էվերեստը նվաճած ֆրանսահայ լեռնագնացը Երևանի 2800-ամյակի առթիվ Մարսելից վազքով ՀՀ է հասել
ՀասարակությունYerevan2800.am-ը գրում է.
Աշխարհի ամենաբարձր գագաթ Էվերեստը նվաճած ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը Մարսելից վազքով հասել է Հայաստան՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ:
Խաչադուրյանը հուլիսի 18-ին հասել է Գյումրի, որտեղ նրան դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
«Աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը մագլցելուց հետո, որոշեցի 2018-ին լինել Երևանում: Նախ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018 թվականի գագաթաժողովն է լինելու այստեղ, ինչպես նաև այս տարի նշվում է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը: Այս պատճառով որոշեցի վազքով Ֆրանսիայի Մարսել քաղաքից գալ Հայաստան` Երևան»,- «Իրավունք» թերթին պատմել է ֆրանսահայ վազորդը:
53-ամյա Խաչադուրյանը վազքը սկսել է ապրիլից՝ օրական հաղթահարելով 50 կմ, անցնելով 8 երկիր և 150 քաղաք. վազորդը մարաթոնը կավարտի Երևանում:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: