Գրիգորի Մարտիրոսյանն Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի ներդաշնակեցումը
ՏնտեսությունԱրցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` պետնախարարը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի և իրականացվող բարեփոխումների ներդաշնակեցումը։
Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր գլխավորած պատվիրակության արցախյան այցելության առաջնահերթությունները, տեղեկացրել է, որ դրանք ներառում են արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների(սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակումը և արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացումը։
Դրական գնահատելով նման ձեռնարկումները՝ Գրիգորի Մարտիրոսյանը հատկապես կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և զարգացման պետական ծրագրերի երկուստեք կատարելագործումը։ Կողմերն այս հարցում որպես կիրառական լուծման օրինակ՝ քննարկել են արցախյան սերտիֆիկացման ծառայությունների ինտեգրումը ՀՀ համապատասխան դաշտի հետ։
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև արցախյան որոշ զբոսաշրջային ուղղությունների զարգացման մասին։