ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 26-ին ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ նախարարության և ընկերության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին նշեց, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հետ, և երախտագիտություն հայտնեց նրանց օպերատիվ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Սերգեյ Վալկոն, ներկայացնելով Լոռու մարզի Վանաձոր-Սանահին ճանապարհի հատվածի քարաթափումների խնդիրը, դիմեց նախարար Ռոստոմյանին խնդրանքով աջակցել հարակից տարածքներում երկաթգծին սպառնացող քարաթափումների վերացման հարցում: Նախարար Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ընկերությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան փոխգործակցության մի շարք ուղղությունների: Մասնավորապես, քննարկվեցին ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը, տեղեկատվության ակտիվ փոխանակմանը, 2011 թվականին ստորագրված Համագործակցության հուշագրի կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հրավիրեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ընկերության վերականգնողական գնացքների բազա՝ տեղում ծանոթանալու բազայի տեխնիկային: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին ՀԿԵ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց ճանաչողական այց կատարել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: