Մայիսի 23-ից առ այսօր 80 հազար նախազգուշացում է տրվել վարորդներին. ՃՈ
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ նվազ նշանակություն ունեցող խախտումների հանդեպ ուղղակի նախազգուշացում կարվի, սակայն վարորդները դա ճիշտ չհասկացան եւ սկսեցին ավելի շատ խախտումներ անել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։
«Տեսուչները կանգնեցնում էին նվազ նշանակություն ունեցող խախտումներ անողներին, զգուշացնում, գրքում համապատասխան գրառում էին կատարում, ճանապարհում: Բայց եթե լինում են խախտումներ, որոնք ավելի կոպիտ են, հավաստիացնում եմ, որ ցանկացած տեսուչ վարչական պատասխանատվության է ենթարկելու վարորդին։ ՃՈ-ն մայիսի 23-ից առ այսօր 80 հազար զգուշացում է ուղարկել վարորդներին իրենց կատարած խախտումների հետ կապված»,- հավելեց Կարապետյանը: