«ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել թուրք-ամերիկյան ճգնաժամը»․ Չավուշօղլու
ՀասարակությունԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու ու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար առկա են բոլոր հնարավորությունները, սակայն ամերիկյան կողմը չի ցանկանում քայլեր անել, գրում է diken.com.tr կայքը։
«Մենք ասում ենք, որ նման հռետորաբանությամբ չի լինի, պարտադրելու գաղափարին դեմ ենք։ Փոխադարձ հասկացողության պարագայում խնդիրները կարող են լուծվել, սակայն նրանք ցանկանում են օգտագործել սա գալիք (Սենատի) ընտրություններում», - ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան որևէ խնդիր չունի ամերիկացի ժողովրդի հետ։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրատեխնիկան։ Թուրքիան նաև հայտարարել է այլևս ամերիկյան շինանյութ չօգտագործելու որոշման մասին։
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի աղմկահարույց դատական գործը։ Ի հեճուկս ԱՄՆ-ի պահանջների՝ Թուրքիան հրաժարվում է արտահանձնել հոգևորականին։