ՀՀ վարչապետը հորդորում է բարելավել զբոսաշրջության ծառայությունների որակը
ՏնտեսությունԶբոսաշրջության ակտիվացմամբ էականորեն ուժեղանում ու զարգանում է փոքր և միջին բիզնեսը, և Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է, որպեսզի մենք զբոսաշրջությունը խթանենք: Լուրջ փոփոխություն է նկատվում զբոսաշրջության բնագավառում, և հույս ունեմ, որ զբոսաշրջային մեր ենթակառուցվածքները կլավանան, և շատ կարևոր է, որ մենք պետք է պատշաճ որակի ծառայություններ մատուցենք»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` ոչ միայն կարևոր է տարբեր միջազգային հեռուստաալիքներով Հայաստանի մասին հոլովակներ ցուցադրելը: Նա գտնում է, որ զբոսաշրջության ամենամեծ գովազդն այն է, որ զբոսաշրջիկի համար հաճելի լինի Հայաստանում անցկացրած ժամանակը:
«Ամենամեծ գովազդը այն է, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և նրան դուր է գալիս այստեղ անցկացրած ժամանակը, սպասարկումը և մնացածը: Երբ նա վերադառնում է հայրենիք, իր ընկերներին, բարեկամներին, սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է մեր երկրի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հորդորեց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի այս գործառույթները հաշվի առնեն: