Իրավապահները կզբաղվեն ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման օրինականությունը պարզելու հարցով
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման հարցին, ինչը, նրա խոսքով, էականորեն նվազեցնում է արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող ջրի պաշարները:
«Պետք է արձանագրենք, որ, չնայած վերջին 4 տարվա բազմաթիվ քննարկումներին՝ դեռ լուծումներ չունենք: Մենք պետք է այդ մարդկանց հետ խոսենք, ընդհանուր խնդիրը ներկայացնենք և համագործակցության մթնոլորտում այս խնդիրը լուծենք: Իրավապահ մարմինները զբաղվում են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդրով, բայց, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի նաև մեծ ջրամբարների վրա գոյություն ունեցող ՀԷԿ-երի գործունեության խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը՝ հավելելով, որ եթե նրանք սահմանվածից ավելի ջուր են օգտագործելու, ապա դա նշանակում է՝ նրանք հավելյալ եկամուտ են ստացել և այդքան վնաս են հասցրել պետությանը:
«Մենք պետք է մտածենք այդ վնասները վերականգնելու, նաև Սևանա լճին, ոռոգման համակարգի զարգացմանն ուղղելու վերաբերյալ: Ճիշտ կլինի, որ մեր իրավապահ մարմիններն այս հարցով զբաղվեն, որպեսզի հետագայում այդ գայթակղությունները չլինեն: Եթե մեկ, երկու անգամ պատասխանատվության ենթարկվեն, հաջորդ անգամ նման բան չեն անի: Պետք է հստակ վերահսկողություն սահմանվի»,- ասաց վարչապետը: