Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար շատ լավ ժամանակահատված էր 2017 թվականի աշունը, երբ պաշտոնական այցով Հայաստանում էր Լեհաստանի արտգործնախարարը: Այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը:
Կարևորելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը՝ դեսպանն ասաց, որ այցերի ընթացքում քննարկվում են համագործակցության ամենատարբեր հարցեր:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպան Չեպլակն ասաց, որ այս տարվա առաջին 5-7 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով:
«Դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, ինչ որ մենք ուզում էինք: Պետք է ընդգծել, որ մի շարք ապրանքներ մեր երկիր են հասնում ոչ անմիջապես Հայաստանից, այլ տարբեր երկրներից: Օրինակ՝ ձեր հյութերը մեր երկիր հասնում են Բուլղարիայի միջոցով»,-նկատեց դեսպանը:
Նա վստահեցրեց` Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո փոխայցերը կշարունակվեն: «Հույս ունեմ, որ ընտրություններից հետո ձեր վարչապետը կայցելի մեր երկիր»,- ընդգծեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը: