ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
ՀասարակությունԱշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։
Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
***
Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։