10 000 դոլար, մեկուկես մլն դրամ. առողջապահության փոխնախարարի ունեցվածքը
ՏնտեսությունՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան:
Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար և 1 500 000 ՀՀ դրամ: Լենա Նանուշյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 7 074 000 ՀՀ դրամ: Նշենք, որ Լ. Նանուշյանն այս պաշտոնին է նշանակվել հունիսի 4–ին: Նախարարի տեղակալն աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002– 2006 թթ. դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003– 2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012–2013 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թ. մինչ 2018 թ. հունիսի 4–ը նա եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգողը:
Աննա Բադալյան