Գյումրու դրամատիկական թատրոնն իր նոր՝ 153-րդ թատերաշրջանի մեկնարկն ազդարարեց կատակերգությամբ
ՄշակույթԳյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր նոր՝ 153-րդ թատերաշրջանի մեկնարկն ազդարարեց «Bye Bye լեդի» կատակերգությամբ:Մինչ առաջնախաղի մեկնարկը, թատերաշրջանի մեկնարկն աճեմյանականներն ազդարարեցին տարբեր դարաշրջաններին հատուկ հերոսների ներկայությամբ, իսկ թատերասերներին ողջունելու պատիվը թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանինն էր, ով, նախ շնորհավորելով բոլորին թատերաշրջանի բացման առթիվ, առաջարկեց բոլորին 1 րոպե լռությամբ հարգել մեծ շանսոնյեի հիշատակը:
Հանդիսատեսը նախ հոտնկայս լռությամբ, ապա՝ նաև ծափերով հարգեց մեծ հայրենասեր Շառլ Ազնավուրի հիշատակը: Լյուդվիգ Հարությունյանն, անդրադառնալով նոր թատերաշրջանի անելիքներին, նշեց՝ այս թատերաշրջանը լինելու է շրջագայությունների տարի. 153-րդ թատերաշրջանում Գյումրու դրամատիկական թատրոնը նոյեմբերին հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում, իսկ 2019թ-ի փետրվարին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 153-րդ թատերաշրջանը բացվեց ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Ամադեի դասը» պիեսի բեմադրված «Bye-Bye Լեդի» կատակերգությամբ. գլխավոր դերերում են ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և Ռոզի Ավետիսովան։ Հանդիսատեսն ականատես եղավ մի ներկայացման, որտեղ կա և՛ սեր, և՛ ուրախություն, և՛ ինտրիգ։