Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի հոկտեմբերի 28-ին:
Առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Մեդալային առաջին օրը հանդես կգան 61 կգ, 74 կգ, 86 կգ եւ 125 կգ քաշային ըմբիշները, իսկ Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
Վալտեր Մարգարյանը 74 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ կհանդիիպի ադրբեջանցի Աբուբակր Աբակարովի հետ:
Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրայնը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):
Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:
Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: